Ալելային գեներ

Ալելները գենի երկընտրելի տարբերակներ են, որոնք կարող են գտնվել քրոմոսոմի տվյալ լոկուսում։

Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր որոշակի գեն գտնվում է խիստ որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում՝ լոկուսում։ Ընդ որում, քրոմոսոմների հապլիդ հավաքում առկա է տվյալ հատկանիշը պայմանավորող միայն մեկ գեն։ Այդպես է էուկարիոտ օրգանիզմների սեռական բջիջներում, ինչպես նաև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ ունեցող պրոկարիոտ օրգանիզմներում։ Էուկարիոտների մարմնական(սոմատիկ) բջիջներում առկա է քրոմոսոմների դեպլոիդ հավաքը, և, հետևաբար տվյալ հատկանիշը պայմանավորող երկու գեն։

Դրանք գտնվում են հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ ։ Որպես կանոն, ալելային գեներն ունենում են նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը՝ պայմանավորելով տվյալ հատկանիշի նույնատիպ դրսևորումը։ Սակայն հաճախ ալելներից մեկում(կամ երկուսում էլ) հնարավոր մուտացիաների արդյունքում կարող են տեղի ունենալ նուկլեոտիդների փոխարինումներ, որոնք կբերեն հաջորդականության փոփոխությունների։

Այդ դեպքում տվյալ գենով պայմանավորված հատկանիշն էլ կարող է որոշ չափով փոփոխության ենթարկվել։ Միևնույն գենը կարող է բազմակի անգամ նմանատիպ մուտացիայի ենթարկվել, և արդյունքում կառաջանան մի քանի ալելային գեներ։

Նշանակություն

Օրգանիզմի յուրաքանչյուր հատկանիշի զարգացման ուղղությունը հիմնականում պայմանավորված է այդ հատկանիշի համապատասխան գենի ալելներով։ Տվյալ գենի ալելների թիվը տվյալ բջիջում կախված է օրգանիզմի պլոիդությունից։ Յուրաքանչյուր գեն նվազագույն դեպքում կարող է ունենալ տարբեր կառուցվածքի և հոմոլոգ քրոմոսոմների համապատասխան լոկուսներում տեղադրված երկու ալելներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *