Դեպի Վայոց Ձոր

Երբևէ չէի մտածի, որ կրկին կկարողանամ գնալ Վայոց Ձոր և հատկապես Արատես, սակայն ստացվեց այնպես որ գնացի։ Մինչև Արատես հասնելը՝ մենք 3 ժամ սար էինք բարձրանում (մոտավոր 11-12 կմ), ինչը անձրևոտ եղանակից հետո բավականին դժվար էր։ Մեկ վազելով, մեկ դանդաղ քայլելով՝ մենք հասանք Ուլգյուրի Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Դրա մասին մեզ ներկայացրեց երրորդ կուրսի զբոսաշրջության բաժնի ուսանողուհիներից մեկը։ Հիանալով այդտեղի գեղեցկությամբ, հանգստանալով և ուժերը հավաքելով՝ իջանք ներքև, որից հետո էլ ուղևորվեցինք դեպի Արատես։ Հասնելուն պես ուժասպառ եղա։ Միևնունն է մինչև գիշեր կարողացա մի փոքր ցրվել և ուրախանալ մյուս մասնակիցների հետ։

Հաջորդ օրը պատրաստվեցինք և գնացինք Արատեսի կիսաքանդ վանքը, որտեղ նաև որոշակի մաքրություն արեցինք։ Ապա, Արատեսում Արփա գետի ափը ուսումնասիրեցինք և վերադարձանք տնակ։ Իհարկե այդքանով չավարտվեց մեր այցը։ Մենք կրկին գնացինք այնտեղ և այդ անգամ անցանք գետի մյուս ափը։ Դժվարությամբ բարձրացանք վերև, մտանք տարբեր տաքնված վայրեր, գտանք ճիշտ ճանապարհը և երկար քայլելով նորից հասանք ճանապարհի սկզբի կետին։ Խոսքերիցս ընդհանրապես չի զգացվում, թե ինչ հոգնեցուցիչ էր այդ քայլքը։ Կարծում եմ՝ այդ օրվա քայլքն ավելի բարդ էր, քան նախորդ օրվանը։ Ինքս ֆիզիկապես պատրաստ չէի այդ ամենին, սակայն ես դա ի սկզբանե գիտեի և եկել էի, որպեսզի Արատեսում պատրաստվեի։
Առաջարկում եմ այդ լեռների վրա ճոպանուղի կամ զիպլայն կառուցել, քանի որ դրա համար տարածքը ունի լավ պայմաններ։ Նաև դրանք հետագայում պետք կգան մյուս զբոսաշրջիկներին։

Ինչպես նաև առաջին անգամ այցելեցի Սիրո և Գեղարվեստի տնակները։

Երրորդ օրը հավաքեցինք մեր իրերը, կարգի բերեցինք սենյակները և ուղևորվեցինք դեպի Հորբատեղի տաք ջրերը։ Դա իմ երկրորդ այցելություններ դեպի այնտեղ։ Ինչպես նաև բաց չթողեցինք հնարավորությունը և գնացինք Արենի գինեգործարանն ու Արենի 1 քարանձավը։ Բոլոր վայրերն էլ հետաքրքիր էին և ունեին իրենց յուրահատուկ պատմությունները։

Վերադարձին բոլորս ահավոր հոգնած էինք, այդ իսկ պատճառով ավտոբուսի մեջ լռություն էր տիրում։ Մեր դեպքում դա շատ զարմանալի էր, քանի որ մեր խումբը չափազանց ակտիվ և ազմկոտ էր։

Ուզում եմ ասել, որ այս անգամ ես բազմաթիվ բաներ փորձեցի և իմացա։ Արկածային և զվարճալի ճամփորդություն էր, որի ավարտին ընդհանրապես չէի սպասում։ Վայոց Ձորը լցված է գույներով և հարուստ է հրաշալի բնությամբ, որը պետք է պահպանվի դեռ շա՜տ երկար։ Արատեսը մի այլ միջավայր է, որը անհնար է կրկնել կամ նմանեցնել մեկ այլ բանի։ Այնքան հաճելի է այնտեղ, որ մարդ չի ուզում հեռանա՝ հատկապես երբ ճիշտ շրջապատի հետ է լինում։ Գիշերով պսպղում էին աստղերը, իսկ առավոտյան սարերի վրա ընկած շողերը։ Գետի քչքչոցի և անձրևի կաթիլների տակ տաք թեյ խմելու ցանկություն էր առաջանում։ Չգիտեմ, թե քանի անգամ դեռ կստացվի գնալ այնտեղ, սակայն վստահ եմ մի բանում, որ Արատեսից չեմ հոգնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *