Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Սեպտեմբեր ամիսը սկսվելուն պես վերադարձավ իմ ճամփորդասեր հոգին։ Անհամբեր սպասում էի ճամփորդություններին և հատկապես եռօրյաներին։ Ահա հասավ այդ օրը՝ սեպտեմբերի 17-ը և ես, հավաքելով իմ բոլոր ընկերներին, ուղևորվեցի Լոռի։ Լոռի՝ մի հավես մարզ, որտեղ բարձունքների քանակին չափ չկա։ Շատ ուրախացա, երբ տեսա և զգացի առաջին օրվա խոնավ եղանակը, որին այդքան կարոտել էի։ Անձրև, քամի, արեգակ, ծիածան և կրկին անձրև։ Մի զվարճալի փաստ ասեմ, երբ մենք ավտոբուսից դուրս էինք գալիս անձրևն անմիջապես սկսվում էր, իսկ երբ վերադառնում էինք ավտոբուս այն ավարտվում էր։
Իսկ հիմա, կփորձեմ ավելի մանրամասն պատմել այդ հիասքանչ երեք օրվա մասին։
Առաջին վայրը, որտեղ մենք կանգ առանք դա Ռյա Թազա դամբարանադաշտն էր։ Այդտեղ խոսեցինք եզդիների և նրանց 3 ծագումների մասին։ Հասնելով Դսեղ՝ մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Ոմանք ասմունքեցին, ոմանք երգեցին, մեկն էլ նույնիսկ հեքիաթ պատմեց Ղարաբաղի բարբառով։
Ապա ցեխոտ և սղլիկ արահետներով հասանք Քառասնից մանկաց վանք։ Այդ վանքից համարյա թե ոչինչ չէր մնացել, սակայն դրան հետաքրքիր բույսերի տեսակներ էին շրջապատում։ Թրջված, շնչակտուր լինելով ելա վերև և նույն ձևով հասանք Լոռվա Ծովեր։ Ցավոք անուշադրությանս պատճառով մոռացա վերցնել հեռախոսը, որի միջոցով կպահպանեի այդ գեղեցիկ վայրը, սակայն դեռ չեմ հուսահատվում, քանի որ այն կա իմ հիշողության մեջ։ Կարող է սա ինձնից է գալիս և միայն ինձ է այդպես թվում, սակայն այն անձրևոտ եղանակին ամեն ինչ ավելի հաճելի աուրա էր ունենում։
Ամենավերջում հասանք Մարց գյուղ, որտեղ և գտնվում էր մեր հյուրատուն-առանձնատունը։ Այդ տունը յուրահատուկ էր ինձ համար, քանի որ հենց այդտեղ ընկերական շրջապատի հետ ես մոտիկացա, ինչպես նաև մտերմացա ևս մեկ նորեկի հետ։

Առավոտ։ Բոլորս ելանք կիսաքուն, սակայն լավ տրամադրությամբ։ Նախաճաշելով, հրաժեշտ տվեցինք առանձնատան տիրոջը և ուղևորվեցինք դեպի Քոբայր։ Եվս մեկ հիշարժան վայր, արդեն իսկ իր համեղ ջրի վտակով։
Դրան հետևեցին Օձունի տաճարը, Վերին Հոռոմայր և Ներքին Հոռոմայրը։ Ամենադժվարը հենց Ներքին Հոռոմայր հասնելն էր։ Սկզբում մենք շեղվել էինք արահետից, ինչի պատճառով էլ դժվար եղավ այն կրկին գտնելը և միաժամանակ այնտեղ հասնելը։ Ճանապարհը երկար էր, դրան գումարած շոգը մեզ շատ էր խանգարում, սակայն չնայած այդ ամենին մենք արագ տեղ հասանք։ Ուսումնասիրեցինք տարածքը, հաց կերանք և հավաքելով ուժերը՝ ետ վերադարձանք։ Ավտոբուս հասնելուն պես մենք բոլորս ուժասպառ եղած նստեցինք, հույս ունենալով, որ դա մեր այդ օրվա վերջին վայրն էր։ Կարծես մեր հույսերը տեղ էին հասել, սակայն որոշ ժամանակ անց մեզ հուսախափ արեցին ասելով, որ դեռ 2 վայր պետք է այցելենք։ Դրանք էին Արդվի Սուրբ Հովհաննեսը և Օձի պորտը։
Գիշերով հասանք Ստեփանավան, ինչպես նաև մեր մյուս հյուրատուն-առանձնատունը։ Երկրորդ տունը հարմարավետությամբ ինձ ավելի դուր եկավ։ Այն ոչ մի բացասական կետ չուներ։

Կրկին առավոտ։ Արթնացա այդ օրը տխրությամբ՝ հասկանալով որ այն ճամփորդության վերջին օրն էր։ Չէի ուզում, որպեսզի այն ավարտվեր, քանի որ յուրաքանչյուր բացասական կողմով ճամփորդությունը շատ լավ էր անցնում։
Նախաճաշից հետո հավաքեցին մեր իրերը և գնացինք դեպի Ալեա՝ կաղին հավաքելու։ Դրանից ոչ հեռու գտնվում էր Մայոր հյուրատուն-սրճարանը, որը ուղղակիորեն գրավեց իմ սիրտը։ Երգերը, դիզայնը, հարմարավետությունն ու աուրան այնքան լավն էին, որ չեմ կարողանում նկարագրել դրանք բառերով։ Այդտեղ երկար ժամանակ մնալուց հետո մենք առաջ գնացինք։
Այցելելինք նաև Լոռե բերդը, Լոռե բերդի տարածքում գտնվող վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտը, Հնեվանքն ու Արևածագի ձորը։ Վերջին երկու վայրերը ամենահիշարժանն ու ամենատպավորիչն էին, հատկապես Արևածագ ձորը։ Այն կարծես ինչ-որ ֆիլմի կամ խաղի միջից դուրս եկած լիներ, այնքան ծանոթ էր կարծես ամեն օր տեսնում եմ դա։ Ընթացքում նմանացրեցի այս վերջերս դիտած “Գլխավոր հերոսը” ֆիլմի կադրերից մեկին։ Այնտեղ մենք քննարկում արեցինք մեր եռօրյայի շուրջ ինչից հետո վերադարձանք Հնեվանք։ Արդեն մութն ընկել էր, բոլորս հոգնած, սակայն ուրախ, տեղավորվեցինք և ուղևորվեցինք Երևան։ Ուշ գիշերով հասանք Սուրբ երրորդություն եկեղեցի, ինչով և ավարտեցինք մեր ճամփորդությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *