Ցրատահարություն

Ի՞նչ է ցրատահարությունը

Ցրտահարված՝ սառը և խոնավ միջավայրի ազդեցության ենթարկված մաշկը դառնում է այտուցված և ցավոտ, որը հաճախ ուղեկցվում է քորի զգացողությամբ։ Սովորաբար այս նշաններին նախորդում է ցրտահարված շրջանի թմրածության զգացումը։

Ավելի հաճախ ցրտահարվում են ձեռքի կամ ոտքի մատները, սակայն կարող են ախտահարվել նաև քիթը և ականջները։

Մակերեսային՝ 1-ին կամ 2-րդ աստիճանի ցրտահարությունը չի առաջացնում որևէ երկարատև վնասում։ 2-րդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ։ Մաշկային ախտահարումները սովորաբար լավանում են մեկ կամ մի քանի շաբաթվա ընթացքում։ Լավանալուց հետո մաշկը կարող է ցրտի նկատմամբ մնալ գերզգայուն։

Ավելի խոր՝ 3-րդ կամ 4-րդ աստիճանի ցրտահարությունների ժամանակ սառում և ախտահարվում են նաև մաշկի տակ եղած հյուսվածքները։ Ամենածանր՝ 4-րդ աստիճանի ցրտահարության ժամանակ ախտահարվում են նաև մաշկից շատ խորն ընկած հյուսվածքները՝ մկաններ, ջլեր և ոսկորներ։ Մաշկը դառնում է սև և մոմանման, իսկ վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերել անդամահատման։

Ցրտահարման պատճառները

Ցրտահարությունը զարգանում է միայն ցրտի՝ ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Ցրտահարության վտանգը մեծանում է, եթե դուք ցրտի նկտամամբ զգայուն եք։

Ցրտահարությունը տեղի է ունենում, երբ ցրտի ներգործությամբ մաշկի մանր արյունատար անոթները բորբոքվում են։ Եթե ջերմաստիճանը դառնում է 0 աստիճան ըստ Ցելսիուսի, մաշկը սառչում է և փափուկ հյուսվածքների մեջ առաջացող սառույցի մանր բյուրեղները վնասում են բջիջները և խիստ դանդաղեցնում կամ արգելակում այդ շրջանների արյունամատակարարումը։

Այլ պատճառներից են զգայուն մաշկը կամ տվյալ շրջանում արյան շրջանառության խանգարումը։

Ովքե՞ր են ռիսկի խմբում

Ցրտահարությունն ավելի հաճախ զարգանում է հետևյալ մարդկանց մոտ՝

  • լեռնագնացներ, ալպինիստներ, դահուկորդներ և ձյան պայմաններում այլ մարզաձևերով զբաղվող անձինք
  • անօթևաններ
  • արյան վատ շրջանառությամբ մարդիկ, օրինակ՝ դիաբետով հիվանդներ
  • զինվորականներ
  • դրսում աշխատող մարդիկ։

Ցրտահարության ախտանիշները

Ցրտահարությունը կարող է առաջանալ և մաշկային դրսևորումները կարող են զարգանալ արագորեն։ Ի հայտ է գալիս մաշկի թմրածություն, այտուցվածություն՝ գունատված, կրամրավուն, կարմրակապտավուն, կապտավուն, մոխրագույն կամ մանուշակագույն երանգավորմամբ, ինչպես նաև ցավոտություն կամ ծակոցներ։

Մակերեսային ցրտահարման ժամանակ ի հայտ են գալիս բշտիկներ և մաշկի մակերեսը պնդանում է, իսկ ավելի խորը ցրտահարման դեպքում՝ գորշակապտավուն գունավորում, փափուկ հյուսվածքների մեռուկացում (նեկրոզ) և սև գույնի կեղևակալում։

Ծանր դեպքերում կարող է զարգանալ նաև հիպոթերմիա (մարմնի ջերմաստիճանի նվազեցում):

Ցրտահարման բուժումը

Մակերեսային ցրտահարման դեպքերի մեծ մասի ժամաանկ դուք կարող եք ինքնուրույն բուժել մաշկային ախտահարումները։ Մասնավորապես, դուք կարող եք՝

  • օգտագործել լանոլինային հիմքով կրեմներ, որպեսզի մեղմացնեք քորի զգացումը և այտուցվածությունը
  • խուսափեք քորելուց, որը կարող է դանդաղեցնել լավացումը կամ առաջացնել մաշկի վարակային բարդություններ
  • մեղմ մերսել ախտահարված տեղամասերը, եթե դրանք խիստ ցավոտ կամ խոցոտված չեն
  • ախտահարված շրջանները պահել տաք, բայց ոչ՝ խիստ տաք վիճակում։

Մաշկային դրսևորումները և գանգատները սովորաբար անհետանում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Հիշեք, որ ցրտահարվելուց հետո այդ շրջանները դառնում են ցրտի նկատմամբ ավելի զգայուն, իսկ ցրտահարությունը կարող է զարգանալ ավելի կարճ ժամանակահատվածում։

Այցելեք ձեր բժշկին, եթե ախտանիշները չեն մեղմանում կամ ուղեկցվում են խիստ ցավերով։ Բժիշկը կարող է նշանակել՝

  • կորտիզոնային կրեմներ, որոնք մեղմացնում են քորի զգացումը և այտուցը
  • դեղեր կամ այլ միջոցներ, որոնք լայնացնում են արյունատար անոթները և բարելավում ախտահարված շրջանների արյունամատակարարումը։

Ծանր դեպքերում կարող է վիրաբուժական միջամտության և ընդհանուր բուժման կարիք զգացվել։

Ցրտահարության կանխարգելումը

Դուք կարող եք նվազեցնել ցուրտ միջավայրերում ցրտահարության ռիսկը հետևյալ միջոցներով՝

  • պահեք ձեր ձեռքերը, ոտնաթաթերը և մարմինը տաք վիճակում
  • կրեք տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ
  • օգտագործեք ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ
  • կանոնավոր կերպով ընդունեք տաք սնունդ
  • կանոնավոր վարժանքներ արեք, որը բարելավում է ընդհանուր արյան շրջանառությունը
  • մի ծխեք, որը մեծ վնաս է հասցնում արյան շրջանառությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *