Շմոլ գազ

«Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Մինչև բժիշկների գալը պետք է հեռացնել նեղ հագուստը, տուժածին դուրս բերել մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ, նրան սուրճ կամ թեյ տալ, քանի որ կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

Տուժածին նաև պետք է ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը, և հնարավոր է` գերսառեցում առաջանա։

Բայց բոլոր այս միջոցներ, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Այս դեպքում լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է։

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։

Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա վառարանի կափույրը պետք է բաց մնա մինչ փայտածուխի այրվելը, որովհետև եթե փայտածուխները դեռ կարմիր են, նշանակում է դրանցից CO գազ է արձակվում։

Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։

Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է տարածքն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *