Մարդ, անձ, անհատ, անհատականություն

Անձը սոցիալական կյանքի տարրն է։ Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ։ Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն։

“Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։
Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։
Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք “անհատ” (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն “անհատը” կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։

Անհատականություն, մարդու հոգեկան ու ֆիզիկական հատկանիշների այն յուրահատկությունը, որով նա տարբերվում է մնացած բոլորից։ Անհատականության մեջ ընդգրկվում են անձնավորության համեմատաբար կայուն և մշտական հատկությունները։ Անհատականությունը մարդու բնական (կենսաբանական) հատկանիշների ու հասարակական պայմանների փոխազդեցության արդյունք է, որտեղ վճռականը հասարակական պայմաններն են։ Անհատականության ձևավորման մեջ հասարակական պայմաններից ամենակարևորը արտադրական հարաբերություններն են։ Անհատականության զարգացման մեջ արտացոլվում են կյանքի կոնկրետ հանգամանքները, այդ պատճառով առանձին մարդու զարգացումը չի կարելի կտրել նրա անհատական և հասարակական միջավայրից։ Անհատականությունը դրսևորվում է բնական և հասարակական միջավայրի հետ անհատի փոխհարաբերության պրոցեսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *