Արշակ II ու Պապ

Արշակ II

Արշակ II-ն ուժեղ անձնավորություն էր և հաստատ ակամորեն ինքնուրույն քաղաքականություն էր վարում: Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրությունները զսպելու նպատակով նա սկսում է Արշակավանքաղաքի կառուցումը Կոգովիտ գավառում: Արշակը թույլատրում է քաղաքում ազատորեն բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին: Այդ հանգամանքն առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, նրանցից դժգոհ ծառաներն ու շինականները: Թագավորից դժգոհ նախարարները, օգտվելով առիթից, որ արքան մեկնել է Վրաստան, հարձակվում և ավերում են Արշակավանը: Արշակը պատժում է որոշ նախարարների:

 Արշակ II-ի քաղաքականությունը և պարսկա-հռոմեականպատերազմը

359 թ. պատերազմ է սկսվում Հռոմի և Պարսկաստանիմիջև: Պարսկական զորքը պաշարում է Ամիդ քաղաքը:Այս պատերազմի ընթացքում շատ կարևոր էր Հայաստանի դիրքորոշումը: Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին: Վերջինս հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթանակ տանում հռոմեացիների հանդեպ: Շապուհի դստեր հետ ամուսնանալու առաջարկը Արշակը կտրականապես մերժում է: Անդովկ Սյունուն հայտնի է դառնում, որ Շապուհը մտադիր է սպանել Արշակին: Այդ մասին իմանալով՝ Արշակը անմիջապես վերադառնում է հայրենիք: Հայ-պարսկական կարճատև ռազմական դաշինքը խախտվում է: Ռազմական գործողություններն անձամբ գլխավորելու նպատակով Արևելք եկած Կոստանդիոս II-ի հրավերով Արշակ II-ը մեկնում է Մաժակ քաղաքը, որտեղ նրանք ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի և Օլիմպիայի՝ կայսեր մահացած եղբոր նշանածի ամուսնությամբ: Փառանձեմը չէր կարող հաշտվել այդ իրավիճակի հետ: Նրա ծառաներից մեկը թունավորում է Օլիմպիային:

Պարսկա- հռոմեական պատերազմն ավարտվում է Տիզբոնի մոտ Հուլիանոս Ուրացող կայսեր պարտությամբ և մահով: Պարսից արքայի և հռոմեական նոր կայսեր՝ Հովիանոսի միջև 363 թ.կնքվածպայմանագրով կայսրը պարտավորվում էր չօգնել հայոց արքային: Ըստ Փավստոս Բուզանդի՝ կայսրը Շապուհին վստահեցրել էր.

Հայ- պարսկական պատերազմը: Մեծ Հայքի թագավորության հարավային սահմանագլխին `Գանձակ (Շահաստան) քաղաքում տեղակայված հայոց սահմանապահ գնդի հրամանատարներն Արշակ թագավորին տեղեկացնում են Շապուհ II-ի զորքերի ներխուժման վտանգի մասին: Արշակի հրամանով Վասակ սպարապետի զորքը դուրս է գալիս թշնամու դեմ և 363 թ. պարտության մատնում նրան:

Հաջորդ տարի Սասանյանների զորքերը Հայաստան են ներխուժում երեք ուղղությամբ: Արշակը, Վասակը և նրա եղբայրը տեղի ունեցած միքանի ճակատամարտերում ջախջախում են թշնամուն:

Այդ ժամանակ Մերուժան Արծրունին ներկայանում է Շապուհին, իր հպատակությունը հայտնում նրան և, ուրանալով քրիստոնեությունը, ընդունում մազդեզականություն: Շապուհը նրան խոստացել էր օգնել տիրանալու հայոց գահին՝ երկիրը պարսկական տիրապետությանը և կրոնին ենթարկելու պայմանով:

Պարսից զորքերի ներխուժումները Հայոց աշխարհին ավերածություններ էին պատճառում: Վասակ Մամիկոնյանը կարողանում է թշնամուն դուրս մղել երկրից: Հաջորդ անգամ Շապուհի մեծաքանակ զորքը հասնում է Անգեղ ամուր բերդը, որտեղ Արշակունի թագավորների գերեզմաններն ու գանձերն էին: Պարսիկները, չկարողանալով տիրել այս բերդին, գնում ուգրավում են Անի բերդը Դարանաղիում: Նրանք չեն կարողանում քանդել միայն Սանատրուկ թագավորի շիրիմը, արքայական մյուս գերեզմանները բացում են և թագավորների ոսկորները գերեվարում՝ ասելով. <<Նրա համար ենք մենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն>>: Վասակ սպարապետի գլխավորած հայոց 60000–անոց զորքը ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները և վերաթաղում Արագած լեռան լանջին՝ Աղձք գյուղում:

Հայաստան ներխուժած պարսից զորքերը նոր պարտություններ են կրում: Երկարատև պատերազմները հյուծում էին թե´ պարսիկների և թե´ հայերի ուժերը: Վիճակն ավելի է ծանրանում, երբ Մերուժանի դավաճանական օրինակին հետևում է Վահան Մամիկոնյանը:

Արշակի և Վասակի դավադրական սպանությունը

Շապուհը, համոզվելով, որ ռազմական ճանապարհով անհնար է ընկճել հայերին, որոշում է խաբեությամբ ձերբակալել Արշակին: Նա դեսպանների միջոցով հայոց արքային Տիզբոն է հրավիրում՝ վիճելի հարցերը կարգավորելու պատրվակով: Շապուհը իր մատանիով կնքված աղ է ուղարկում, ինչը պարսիկների բարձրագույն երդումն էր համարվում: Իվերջո՝ Արշակ թագավորը Վասակ սպարապետի ուղեկցությամբ 368 թ. մեկնում է Պարսկաստան: Շապուհն Արշակին փորձելու նպատակով, ինչպես պատմում է հայրենասեր պատմիչ Փավստոս Բուզանդը, հրամայում է Հայաստանից բերել հող ու ջուր ևարքունի դահլիճի հատակի կեսը ծածկում այդ հողով՝ վրան ցանելով ջուրը: Շապուհը, Արշակի ձեռքից բռնած, ճեմելով շրջում էր դահլիճում: Պարսից հողի վրա Արշակը, որ խոսում էր զղջումով, հայկական հողի վրա սաստիկ ըմբոստանում է Շապուհի դեմ և հպարտորեն ասում. <<Հեռո´ւ ինձանից, չարագո´րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը…>>: Շապուհը հրամայում է Արշակին ձերբակալել և փակել Անհուշ բանտում:

Հաջորդ օրը Շապուհի հրամանով պալատ են բերում Վասակ Մամիկոնյանին: Նա ծաղրում է Վասակին՝ ասելով. <<Աղվե´ս, այդ դո՞ւ էիր խանգարիչը, որ այսքան չարչարեցիր մեզ… Ես քեզ պիտի աղվեսի մահով սպանեմ>>: Իսկ Վասակ սպարապետը արժանապատվորեն պատասխանում է. <<Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չես հասկանում, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես: Բայց մինչ ես Վասակն էի՝ հսկա էի, մի ոտս հենում էի մի լեռան վրա, իսկ մյուսն էլ՝ մյուս լեռան. երբ հենվում էի աջ ոտքիս վրա, աջ կողմի լեռն էր գետնի տակ անցնում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էր գետնի տակ անցնում>>: Շապուհի հարցին, թե որոնք էին այդ լեռները, Վասակ սպարապետը պատասխանում է. <<Այդ երկու լեռներից մեկը դու էիր, իսկ մյուսն էլ՝ հունաց թագավորը>>: Կատաղած Շապուհը հրամայում է Վասակին սպանել: Շուտով բանտում նահատակվում է նաև Արշակ II թագավորը՝ Արշակունյաց արքայատոհմի ամենապայծառ դեմքերից մեկը:

Պապ թագավոր

 Արտագերսի պաշտպանությունը: Հայոց ազատատենչ ոգու դրսևորումն էր պաշարման մեջ հայտնված Արտագերս ամրոցիպաշտպանների` Փառանձեմ թագուհու և տասնմեկ հազար ընտիր զորականների երկարատև ու հերոսական դիմադրությունը: Ամրոց թափանցած երկու հայ իշխաններ, որոնք մտադիր էին համոզելու թագուհուն՝ զենքը վայր դնել, տեսնելով Փառանձեմի վճռականությունը, միանում են պաշտպաններին: Թագուհու միակ հույսն իր որդու՝ Պապի վերադարձն էր, որին նա ուղարկել էր Վաղես կայսեր մոտ՝ օգնություն խնդրելու: Շապուհն ավելի է սաստկացնում ճնշումը: Երկարատև պաշարման հետևանքով սկսված համաճարակը, սովը և անընդմեջ կռիվներն ուժասպառ էին արել Արտագերսի պաշտպաններին: Զավթիչները, ներխուժելով ամրոց, ոչնչացնում են ողջ մնացածներին, իսկ Փառանձեմին, անմարդկային խոշտանգումների ենթարկելով, սպանում: Այդ ընթացքում Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում, ատրուշաններ շինում և հայերին բռնի պարտադրում մազդեզական կրոնը: Ուրացյալ Վահանին սպանում է իր որդին` Սամվել Մամիկոնյանը:

 Պապ թագավորի գահակալությունը

Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած մի զորաջոկատով վերադառնում է Հայաստան: Պատերազմի թեժ պահին Վաղես կայսեր կողմից հայոց գահին է հաստատվում Պապը (370 – 374 թթ.): Նահատակված սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղը, դառնում է հայոց սպարապետ և սկսում Հայոց աշխարհի ազատագրումը:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Մուշեղը վերականգնում է <<…hին սահմանը, որ առաջ գոյությունուներ Հայոց երկրի և Վրաց երկրի միջև, որպիսինն էր մեծ գետ Կուրը>>: Մուշեղ զորավարը շրջում էր երկրում և քանդում պարսիկների ու հայրենիքն ուրացողների կառուցած մազդեզական ատրուշանները: Պարսից արքունիքից պատիվ վայելող անձինք ձերբակալվում և խստագույնս պատժվում էին: Այդպես Մուշեղը լուծում էր Արշակ արքայի և Վասակ սպարապետի վրեժը:  Պապ թագավորը տեր է կանգնում Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերվում պետությանգործերը: Մուշեղը շարունակում է երկրի պաշտպանության գործը:

Մուշեղը 370 թ. 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը: Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժանը: Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Հաղթանակած հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանըև կանանոցը: Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին: Շապուհը, ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը և ասում. <<Ճերմակաձին գինի արբցէ>>: Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին: Թագավորը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է կանանոցը՝ անհարկի մեծահոգություն ցուցաբերելով իր մոր հանդեպ դաժանորեն գործած Շապուհի նկատմամբ:

Ձիրավի հաղթական ճակատամարտը

Պապ թագավորը, տեղեկանալով, որ 371 թ. մեծաքանակ պարսից զորքը կրկին ներխուժել է երկիր և հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Նրանց են միանում հռոմեական զորաջոկատները: Պապ թագավորը մարտավարության բոլոր կանոններով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է վճռական ճակատամարտի: Հայոց զորքի թիվը ավելի քան 90 հազար էր:

Տերենտիոս զորավարը խնդրում է Պապ թագավորին և Ներսես կաթողիկոսին ապահովության համար բարձրանալ Նպատ լեռը: Այնտեղ է գնում նաև Մուշեղը: Կաթողիկոսի բարեխոսությամբ փարատվում է  Պապի զայրույթը Մուշեղի նկատմամբ: Սպարապետը սուրբ երդում է տալիս և ստանում կաթողիկոսի օրհնությունն ու թագավորի բարի մաղթանքը, որից հետո կրկին ստանձնում է զորքի հրամանատարությունը:

Լուսադեմին սկսվում է Ձիրավի ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղի գլխավորած զորագնդերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Սմբատ ասպետի հրամանատարությամբ սեպուհական զորագունդը նույնպես խիզախորեն էր գործում: Սպանդարատ Կամսարականի զորաթևը ջախջախում և փախուստի է մատնում հակառակորդի կենտրոնի զորախմբին: Հաղթանակը կատարյալ էր:

Պարսից բանակի մնացորդները փախուստի են դիմում: Մերուժանին ձերբակալում է Սմբատ Բագրատունին: Նա, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձևով և շիկացնելով ասում. <<Քեզ պսակում եմ, Մերուժա´ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով>>: Եվ շիկացած շամփուրը դնում է Մերուժանի գլխին: Այդպես իրականացվում է չարագործի մահապատիժը:

372 թ. Մուշեղը, լուր ստանալով Շապուհի առաջիկա ներխուժման մասին, զորքով շարժվում է դեպի Գանձակ: Հայոց զորքը քաջալերական <<Քաջ Արշակի համար>> բացականչություններով մարտի է նետվում և ջախջախում է պարսկական ուժերը: Վերականգնվում է երկրի խաղաղությունը:

Պապի բարեփոխումները և արտաքին քաղաքականությունը

Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ: Բանակի թիվը հասցվում է մոտ հարյուր հազարի: Հոգևորականների եղբայրներին, զավակներին և ազգականներին պարտադրվում է պետական ծառայություն կատարել: Միևնույն ժամանակ սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը: Այդ նպատակով Պապը նախ վերացնում է <<պտղի և տասանորդների կարգը>>, այսինքն` բերքից եկեղեցուն վճարվող տուրքը: Այնուհետև նա, հօգուտ արքունիքի, եկեղեցուց կտրում է Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը: Պապի հրամանով փակվում են կուսանոցները և այրիների ապաստանները, թույլ է տրվում կույսերին և այրի կանանցամուսնանալ: Այդպես Պապը խրախուսում է երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը:

Պապը Սպանդարատ Կամսարականին վերադարձնում է հայրենիՇիրակ և Արշարունիք գավառները, ինչպես նաև մյուս նախարարներինէ վարձահատույց լինում հավատարիմ ծառայության համար:

Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Ներսես Մեծի մահվանից հետո հայոց կաթողիկոսական աթոռին Աղբիանոսի տոհմից բարձրացած Հուսիկ-Շահակը, այլևս Կեսարիա չի մեկնում՝ ձեռնադրություն ստանալու մետրոպոլիտից, ինչով հաստատվում էր հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնական ինքնուրույնությունը:

Պապը Վաղես կայսեր մոտ պատգամավորներ է ուղարկում տարածքային պահանջով, ըստ Փավստոս Բուզանդի, փաստարկելով, թե հնում <<Կեսարիայի (Կապադովկիայի Մաժակը) ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ե´տ տուր, Ուռհա (Եդեսիա) քաղաքն էլ մեր նախնիքն են շինել,ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի մերմեջ՝ ե´տ տուր>>: Սա վկայում է ժամանակին՝ այդ տարածքների հայկական պետության մեջ լինելու մասին: Վաղես կայսրը, որն այդ ժամանակ Կիլիկիայի Տարսոն քաղաքում էր, պատասխանում է դավադրությամբ: Նա իր մոտ է կանչում հայոց թագավորին, որը վերջին պահին է իմանում դավադրության մասին: Պապը մեծ դժվարությամբ կարողանում է խուսափել ծուղակից և իր 300–հոգանոց թիկնապահ գնդով վերադառնում է Մեծ Հայք:

Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանատարները 374 թ.՝ խնջույքի ժամանակ, դավադրորեն սպանում են Պապին: Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսն այդ մասին գրել է. <<Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա՝ դեմ հանդիման հյուրասիրության, Աստծո հյուրընկալության ժամանակ, և այնուհետև ճաշկերույթի մասնակիցները, որոնք չափից ավելի հագեցած էին, բոլորովին սարսափահար եղան ու փախան>>: Այսպես նենգաբար սպանվեց հայոց երիտասարդ ու եռանդուն արքան, որն իր կարճատև գահակալման ընթացքում կատարեց բազմաթիվ հայրենանվեր գործեր: Նա ամրապնդեց բանակը, երկիրը մաքրեց օտար նվաճողներից, իրականացրեց մի շարք բարեփոխումներ և հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը:

 

Ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում անկում ապրեց Արշակունյաց թագավորությունը

Միմյանց հաջորդել են թույլ արքաներ՝ Վարազդատ, Արշակ Գ, Խոսրով Դ, որոնց թագավորության ժամանակաշրջանում՝ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև։ 405 թվականին՝ Վռամշապուհ արքայի գահակալման շրջանում, տեղի է ունեցել ազգահպահպան նշանակություն ունեցող մի գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվել են հայոց գրերը։ Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։

Արտաշես Դ -ն Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչն էր, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։

Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *